Հայաստանում կան բոլոր նպաստող պայմանները, որոնք բնորոշ են Արևմտյան Նեղոսի տենդին` մոծակների առկայություն, անձրևներ, օդի և մթնոլորտի բարձր ճնշում, տարբեր ջրերի կուտակում։
Վիրուսից պաշտպանվելու, վարակման դեպքում գրագետ քայլերի ու անհանգստացնող ախտանիշների մասին «Ռադիոառողջարանը» զրուցել է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոնիստ, բ․գ․թ. Մելանյա Շմավոնյանի հետ:
«5 վարակվածներից 4-ը կլինիկական երևույթներ չեն ունենում, այսինքն՝ վարակվածների 80 տոկոսի մոտ կարող է չզարգանալ հիվանդություն, մեկի մոտ կարող է առաջանալ հիվանդությունը, որն արտահայտվում է ջերմությունով, մկանացավով, գլխացավով, 100-150 վարակվածներից մեկի մոտ զարգանում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ, որոնք դրսեւորվում են մենինգիտի, էնցեֆալիտի ձևով։ Այս հիվանդությամբ հիվանդանում են 60 տարեկանից բարձր անձինք, այն մարդիկ, ովքեր ունեն իմունոդիֆիցիտ։ Այն շատ նման է գրիպ հիվանդությանը։ Բարձր տարիքային խմբի հիվանդների մոտ, եթե ունեն ուղեկցող այլ հիվանդություններ, կարող է ծանր հետևանքներ առաջացնել»,-ասում է Մելանյա Շմավոնյանը։
Նա խորհուրդ է տալիս զգույշ լինել մոծակների խայթոցցից, շրջապատը վերանայել, միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ կրել երկարաթև հագուստ, եթե գտնվում եք անտառում կամ ջրային տարածքների մերձակայքում, պատուհանները, դռները ցանցապատել։
Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ վարակվել են, ինֆեկցիոնիստը խորհուրդ է տալիս մնալ տանը, շատ հեղուկներ օգտագործել, իջեցնել ջերմությունը, իսկ երբ բարդություններ են լինում, անպայման դիմել բժշկի։ Մելանյա Շմավոնյանը շեշտեց, որ չկա դեղամիջոց, որն ազդելու է հիվանդության հարուցիչի վրա, ախտանշային բուժում են իրականացնում։ «Առոդջ եղեք և խուճապի մի մատնվեք, ինֆեկցիոն հիվանդությունները միշտ եղել են և կլինեն, պետք չէ դրանցից վախենալ»,-հավելում է ինֆեկցիոնիստը։
Մանրամասները՝ հարցազրույցում
.png)